Սպորտ

ՁյուդոԿոխ

ՁՅՈՒԴՈՅԻ ՄԱՍԻՆ

Ձյուդոն (ճապ.՝ 柔道, ձյու դո, բառացի՝ «Նուրբ ուղի», ճկուն մարտ վարելու արվեստ), ճապոնական մարտարվեստ է, փիլիսոփայություն և մարզական մենամարտ առանց զենքի, որում մարդը պաշտպանվելու համար օգտագործում է հակառակորդի ուժը: Այն 19-րդ դարի վերջին ստեղծել է մարտարվեստի ճապոնացի վարպետ Ջիգորո Կանոն (1860-1938) ջիու ջիցու ըմբշամարտի հիման վրա: Վերջինս նաև ձևակերպել է մարզումների և մրցումների անցկացման կանոններն ու սկզբունքները:

Ձյուդոյի ստեղծման թվականը համարվում է Կանոյի կողմից ձյուդոյի առաջին դպրոցի՝ Կոդոկանի (ճապ.՝ 講道館, կո:դո:կան, «Ճանապարհների ուսումնասիրման ինստիտուտ») հիմնադրման տարեթիվը՝ 1882:

  • Videos
  • Videos
  • Videos
  • Videos

ԱԶԳԱՅԻՆ ԿՈԽ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Ծագելով դարերի խորքից մարտական արվեստը կարևոր տեղ է գրավել հայ ժողովրդի մշակույթում: Երիտասարդների ֆիզիկական և բարոյահոգեբանական դաստիարակության գործում մենամարտերը՝ ըմբշամարտը, կռփամարտը (բռնցքամարտը), գազանամարտը, կարևոր դեր են կատարել՝ զարգացնելով նրանց մոտ ուժի, արագաշարժության, դիմացկունության, ճարպկության և շարժողական այլ ընդունակությունները՝ կատարելով ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Իսկ ելնելով տվյալ ժամանակաշրջանի ռազմարվեստի զարգացման աստիճանից, մշակվել են վարժություններ ու հնարքներ, որոնք հետագայում վերածվեցին ժամանակակից մարզաձևերի, ինչպիսիք են հունա-հռոմեական, ազատ ոճի ըմբշամարտը, բռնցքամարտը,սուսերամարտը և այլ…
Մենամարտային ձևերից ըմբշամարտը, որը հայերիս մոտ կոչվում էր կոխ, ամենատարածվածն էր ֆիզիկական դաստիարակության ու կենցաղային սովորույթների համակարգում: Այն իր կարևոր տեղն է ունեցել, ինչպես հատուկ մրցումներում, այնպես էլ ժողովրդական տոնախմբություններում, ուխտագնացություններում, բանահյուսության մեջ և այլն:

Մենամարտերին վերաբերող բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի, Փավստոս Բյուզանդի, Ագաթանգեղոսի, Ղազար Փարպեցու, Հովհան Մամիկոնյանի, Սեբեոսի, Հովհաննես Կաթողիկոսի, Ստեփան Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Հովհաննես Սարկավագի, Սարգիս Վարդապետի, Կիրակոս Գանձակեցու, Մաղաքիա Աբեղայի, Աբրահամ Երևանցու և շատ ուրիշների մոտ:
Միջնադարյան մատենագիրների կողմից գրչած բացառիկ օրինակներ են պահվում Երևանի Մատենադարանում, որոնցում բերված տվյալները պատմում են նաև անցյալի կին՝ նշանավոր ըմբիշների մասին, որոնք հաղթել են օտարազգի անվանի ըմբիշների, իսկ դրանցում տեղ գտած նյութերը տալիս են ոչ միայն գոտեմարտի նկարագրությունը, այլև մրցումների և մենամարտերի մարտավարության մասին պատկերացում:

Գրականության մեջ հանդիպում են վկայություններ հայոց թագավորներ՝ Տրդատ Գ-ի, Վարազդատի և Սմբատ Բագրատունու՝ Հին աշխարհի օլիմպիական խաղերում ըմբշամարտ մարզաձևից հաղթանակների մասին: Եվ՝ եթե նախկինում համարվում էր, որ Վարազդատ արքան օլիմպիական խաղերում հաղթող է դարձել կռփամարտ մարզաձևից, ապա պրոֆեսոր Կ. Պ. Աթոյանի ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ նա հաղթել է պանկրատիոն ձևում, որտեղ հինգ մրցաձևերից մենամարտայինն ըմբշամարտն էր:
10-րդ դարին են պատկանում հիշատակություններն այն մասին, որ հայկական ըմբշամարտում գոյություն են ունեցել քաշային կարգեր: Իսկ ազգային խաղերի ու ֆիզիկական վարժությունների՝ այդ թվում մենամարտերի տարատեսակների մասին տվյալների հավաքագրման, ուսումնասիրման առումով արժեքավոր ներդրում են ունեցել պատմական գիտությունների թեկնածու Վ. Բդոյանը և դոցենտ Մ. Մամիկոնյանը:
Հայ ժողովրդի ընդհանուր և այդ թվում ֆիզիկական դաստիարակության պատմության հարցերի վերաբերյալ մեծ և բեղմնավոր աշխատանք է կատարել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբգար Մովսիսյանը: Նրա՝ հին հայերի կրթության մասին առաջին աշխատությունը լույս է տեսել 1939թ., որում հեղինակն անդրադառնում է ըմբշամարտի առանձնահատկությունների և ֆիզիկական դաստիարակության հիմնահարցերին:

Նա իր աշխատություններից մեկում, որը կոչվում է «Նավասարդյան խաղեր» նկարագրում է ըմբշամարտի, նիզականետման և սուսերամարտի մրցումների ընթացքը՝ նշելով այդ մարզաձևերի կանոնները և ընդգրկումը տվյալ խաղերում:
Հայկական ըմբշամարտի մասին ուսումնասիրություններ ունի մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Թումանյանը: Իր հեղինակած «Կոխ հայկական մարզական գոտեմարտ» ձեռնարկում, որը լույս է տեսել 1957 թվականին, նկարագրում է հայկական գոտեմարտի տեխնիկայի տարրերը: Պրոֆեսոր Գ.Թումանյանն անձամբ մասնակցել է կոխ ըմբշամարտի ՀԽՍՀ առաջնություններին և կիսամիջին քաշային կարգում 1951-1956թթ. դարձել է չեմպիոն:
Հարկ ենք համարում նշել անվնի գիտնական, ըմբշամարտի լավագույն գիտակներից մեկի, հին Հայաստանի ռազմամարտական մենամարտերի պատմության մեծագույն մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Պարույրի Աթոյանի վաստակն այս բնագավառում: Նրա գիտական խորը ուսում-նասիրությունների արդյունքում ծնված «Ռազմա-սպորտային մենամարտերը Հայաստանում» ձեռնարկը, հրատարակված 1965 թվականին, այսօր ևս «մարզական գիտելիքների շտեմարան է»:
Նոր անկախ Հայաստանում ազգային Կոխ ըմբշամարտը ապրում է վերածնունդ: Գնահատելով դրա նշանակությունը և կարևորությունը որոշվեց մարզաձևը զարգացնել հանրապետության բոլոր մարզերում, ինչն էլ նշանակում է զարգացնել և օժանդակել Օլիմպիական այնպիսի մարզաձևերի, ինչպիսիք են հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն և սամբոն:
Իր բնույթով մոտ լինելով ձյուդոյին և սամբոյին, այն իր ավանդը կբերի նաև Հայոց բանակին, քանի որ Կոխ մարզաձևի հնարքներն ու գցումային տեխնիկան լիովին ապահովում են ձեռնամարտի հնարքների տիրապետումը:
2015 թվականին ազգային Կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել հունա-հռոմեական ըմբշամարտից աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը: Նրա ղեկավարությամբ կազմակերպվացին մարզիչների և մրցավարների սեմինարներ, ՀՀ առաջնություններ, իր հովանավորությամբ լույս կտեսնի “Հայկական ազգային Կոխ ըմբշամարտ” ուսումնական ձեռնարկը: Աշխատանքներ են տարվում այս մարզաձևը ընդգրկել Համահայկական միջազգային խաղերի ծրագրում:
Պատմություն իվեր ազգային ըմբշամարտը եղել է Հայկական մշակույթի անբաժան մասը: Հավատում եմ, որ նույնպես կլինի և հետայսու: Կան վաղ միջնադարյան նկարներ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու հարավային ճակատին դեռ 10-րդ դարում քանդակակված երկու ըմբիշների գոտեմարտը, ինչպես նաև դիմակավորված “արջի” և դիմակավորված “առյուծի” հետ մենամարտերը, ինչը հաստատում է, որ դեռ վաղ միջնադարում հայերն ունեցել են ազգային ըմբշամարտ և տիրապետել են բարդ տեխնիկական հնարքների…

Հայկական ազգային Կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ, սև գոտի 2-րդ դան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Բ.Լ.Երիցյան