Կրթություն


Աղոթագիրք
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ


Տասնաբանեայ Օրէնք

Տասնաբանեայ Պատուիրաններ, կամ Տասը Օրէնք, որ Մովսէս փորագրեց երկու քարեղէն տախտակի վրայ։

Տասը պատուիրաններ կամ Տասնաբանեայ

Ա) Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
Բ) Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրայ, և երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև Ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, Ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ Ինձ սիրող ու Իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերունդ ողորմում եմ։
Գ) Քո տէր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով Իր անունը զուր տեղն է արտասանում։
Դ) Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը։ Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, որովհետև Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը և այն սուրբ հռչակեց։ Քրիստոնեաները սուրբ են պահում Կիրակի օրը եւ մասնակցում են սրբազան պատարագի։

Ե) Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։
Զ) Մի՛ սպանիր։
Է) Մի՛ շնացիր։
Ը) Մի՛ գողացիր։
Թ) Քո հարևանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։
Ժ) Մի՛ ցանկցացիր քո մերձաւորի ունեցուածքը։ Աչք մի՛ ունեցիր ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ, ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնի վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր։


Սբ. Յովհան Ոսկեբերանի յորդորը` երեխաներին դաստիարակելու մասին

«Ուզու՞մ ես, որ զաւակդ բարեբարոյ լինի: Սկզբից եւեթ դաստէարակիր նրան` համաձայն Առաքեալի յորդորի` Տիրոջ խրատով եւ ուսումով, եւ մի կարծիր, թէ նրա համար աւելորդ մի բան է Սուրբ Գիրք լսելը, քանզի նա նախ եւ առաջ այնտեղից է լսելու «Պատուիր քո հօրն ու մօրը… »: Հետեւաբար, սա հէնց քէ’զ օգտակար կը լինի: Մի’ ասա «այդ վանականների գործն է, միթէ՞ ես իմ որդուն վանական պիտի դարձնեմ»:

Նրան վանական դարձնելու կարիք չկայ, սակայն ինչու՞ ես այդքան վախենում այն բանից, ինչը նրա համար այդքան օգտակար է: Որպէս ՔՐԻՍՏՈՆԵԱՅ դաստէարակիր նրան: Աշխարհականներին յատկապէս անհրաժեշտ է իմանալ Սուրբ Գրքի վարդապետութիւնը եւ առաւելապէս` երեխաներին, քանզի այդ տարիքին է յատուկ ծայրայեղ անխոհեմութիւնը: Ամօթ չէ՞, արդեօք, երեխաներին ուղարկել արհեստներ եւ գիտութիւն սովորելու եւ չհոգալ` Տիրոջ խրատով եւ ուսումով նրանց կրթելու մասին: Այդ իսկ պատճառով մենք առաջինն ենք ճաշակում նմանօրինակ դաստիարակութեան պտուղները, քանզի դաստիարակում ենք երեխաներին յանդուգն, անժուժկալ, անհնազանդ ու ստոր: Չանէ’նք այդ բանը, այլ անսանք երանելի Պողոսի յորդորին, օրինակ ծառայենք` մանուկ հասակից նրանց ստիպելով ընթերցել Սուրբ Գիրքը»:


Հնազանդությունը ենթադրում է որևէ դրական գործողություն՝ կա՛մ ներսից, կա՛մ դրսից: Ներսից` օրինակ` կամքի հնազանդվելը մտքի լավ առաջադրությանը և կամ ինչ-որ բան կամենալն ըստ հրամայողի կամքի: Իսկ դրսից` օրինակ` աչքերով նայելը, լեզվով խոսելը, ձեռքերով գործելը և այլն: Ուրեմն հնազանդության ծառայությունը որևէ դրական գործողությունն է, և մտքից կամ հրամայողից առաջադրված վայելուչ, օգտակար ու բարի ամեն ինչի գործադրիչը հնազանդությունն է:


Իմաստունների քաղցր ու համոզիչ խոսքերն ավելի են հաղթում թշնամիներին, քան պատերազմողների ահավոր ռումբերը:


Իզուր են մարդիկ տագնապում՝ հածելով ծովում ու ցամաքում ոսկի ձեռք բերելու համար: Որովհետև եթե ձեռք բերեին իմաստություն ու առաքինություն, որոնք յուրաքանչյուրի դռների մոտ են, կամ դյուրավ կստանային ոսկին, կամ ոսկին նրանց պիտանի չէր լինի, և իզուր չէին աշխատի:


Ագահն իր ունեցածն իր կարիքներին բավական չի համարում և ջանում է ավելին ժողովել, ասես պատրաստվում է հավիտենապես ապրել:


Շատերը կարող էին հասնել իրենց բաղձանքներին, եթե իմանային համբերել որքան պետք էր, ինչը որպես լավ ուղեցույց՝ անշեղ ճանապարհներով կառաջնորդեր նրանց դեպի նպատակակետը: Իսկ անհամբեր բարքով, ընթացքի մեջ շտապելով՝ ճանապարհը կորցրին և ծուռումուռ ու անել շավիղներում դեգերելով՝ չկարողացան հասնել իրենց բաղձանքների նպատակին:


Աստված մարդու կարողությունից վեր փորձություն չի տալիս, իսկ հուսահատը մեղադրում է Աստծուն, թե թույլ տվեց, որ իր կարողությունից վեր փորձություն գա, և սրանով չարաչար մեղանչում է:


Ինչ որ ասում է մեկը, պիտի ճշմարիտ լինի. բայց ամեն ճշմարիտ բան չէ, որ պետք է ասել:


Եթե մտքի դիտավորությունն աղոթքին չի ընկերանում, լեզուն ու շուրթերն ապարդյուն են շարժվում, որովհետև առանց մտադրության աղոթելն անպտուղ աշխատանք է:


Խրատի ոգին բարին կատարելն ու ուսուցանելն է: Ով խրատ է տալիս, ինքը նույնպես պիտի գործով կատարի այն, այլապես խրատական խոսքերը ոչ մի զորություն չեն ունենա:


Զարմանալի ոչինչ չկա, որ բազում բարեբարո մարդիկ հազիվ մի չար մարդու են կարողանում ուղղել, իսկ մի չարը բավական է շատերին մոլորեցնելու համար: Քանզի շատ առողջներ էլ մի բորոտի մաքրել չեն կարողանում, բայց մի բորոտ կարող է ախտահարել շատերին:


Եթե ծնողները մեռնելով իրենց զավակներին թողնում են աղքատ, բայց իմաստուն, ավելի մեծ ունեցվածքի ժառանգորդ են դարձնում նրանց, քան եթե թողնում են հարուստ, բայց տգետ:


Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:


Եթե արտերը չմշակվեն, լավ բերք չեն տա. մանուկները եթե չդաստիարակվեն, առաքինություն չեն պտղաբերի: Մարդկանց կյանքում չկա մի բան, որ այնպես առաջնորդի դեպի առաքինություն, ինչպես խրատական խոսքերն ու բարի գործերի օրինակները: